суббота, 19 апреля 2014 г.

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի


Կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։


Այն եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սուրբ Տրդատ թագավորի և Սուրբ Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։



Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ։ Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում։ Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 քմ է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։


Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը։ Այսօր այն իր վեհությամբ ու գեղեցկությամբ տեսանելի է Երևանի բազմաթիվ անկյուններից։


Երևանի մայր եկեղեցին կառուցվել է ճանաչված բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների ու նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների կողմից։ Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը՝ Էդուարդո Էռնեկյանի նվիրատվություններով։









Комментариев нет:

Отправить комментарий